ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ դուրս կգա նախագահական ընտրապայքարից, եթե բժիշկները պարզեն, որ ինքն առողջական խնդիրներ ունի։ «Անկեղծ ասած, ես կարծում եմ, որ միակ բանը, որ տարիքը բերում է, իմաստությունն է»,- հավելել է Բայդենը։ Ավելի վաղ նա ասել էր, որ կհրաժարվի նախընտրական մրցապայքարից միայն այն դեպքում, եթե Աստված իրեն ասի դա անել։               
 

Արդյոք Հայաստանի քաղաքականությունը նպաստո՞ւմ է Թուրքիայի հզորացմանը («Կալիֆոռնիա կուրիեր», 4 օգոստոսի 2009 թ.)

Արդյոք Հայաստանի քաղաքականությունը նպաստո՞ւմ է Թուրքիայի հզորացմանը («Կալիֆոռնիա կուրիեր», 4 օգոստոսի 2009 թ.)
14.08.2009 | 00:00

ԳՈՐԾԵՆՔ Ի ՇԱՀ ՄԵԶ
ՀԱՐՈՒԹ ՍԱՍՈՒՆՅԱՆ
Հայաստանի արտգործնախարարությունը, ամենայն հավանականությամբ, համապարփակ ռազմավարական ծրագիր ունի Հայաստանի ու նրա անմիջական հարևանների (Ադրբեջան, Վրաստան, Իրան, Թուրքիա), հեռու և մոտիկ գերտերությունների (Չինաստան, Ֆրանսիա, Մեծ Բրիտանիա, Ռուսաստան, Միացյալ Նահանգներ) և կարևոր այլ պետությունների հետ հարաբերությունների վերաբերյալ: Ամենատարրական մակարդակում ակնկալվում է, որ հայ ղեկավարները պետք է առավելագույնս նպաստեն իրենց երկրի ազգային շահերին և հակադարձեն բոլոր հակահայկական ոտնձգություններին: Ելնելով այս պարզ չափանիշից` կցանկանայի գնահատական տալ մի քանի կարևորագույն խնդիրների, որոնք վերաբերում են Հայաստանի ամենախնդրահարույց հարևանին` Թուրքիային:
Թուրքիան ոչ միայն հայ ազգի ցեղասպանությունն է իրագործել և շարունակում է վայելել այդ հանցանքի պտուղները, այլև միլիոնավոր դոլարներ է ծախսում ամեն տարի պատմական փաստերը ժխտելու և հայ ժողովրդին հեղինակազրկելու նպատակով: Հիմնադրման օրից Թուրքական Հանրապետությունը հետևողականորեն իրականացրել է իր օսմանյան նախորդների հակահայ քաղաքականությունը: 1993-ից ի վեր Թուրքիան շրջափակման մեջ է պահում Հայաստանը (պատերազմական գործողություն), որպեսզի ստիպի նրան տարածքային զիջումներ անել Արցախում (Ղարաբաղ): Հայաստանի անկախությունից կարճ ժամանակ անց, առնվազն մեկ դեպքում, թուրքերը զորք են կուտակել սահմանին` սպառնալով հարձակվել Հայաստանի վրա: Ավելին` Թուրքիան վարժեցրել ու զինել է Ադրբեջանի բանակը, որպեսզի վերջինս կարողանա ներխուժել Արցախ և բնաջնջել նրա էթնիկ հայ բնակչությանը:
Թուրքիան հակահայկական գործունեություն է իրականացնում նաև դիվանագիտական տարբեր ուղիներով: Եվրախորհրդում, ՄԱԿ-ում և իսլամական պետությունների համաժողովում Թուրքիայի պատվիրակները, որպես կանոն, միանում են իրենց ադրբեջանցի գործընկերներին և Հայաստանի ու Արցախի դեմ քվեարկում: Վերջապես, Թուրքիան շարունակում է պատանդ պահել իր երկրի հայ բնակչությանը` զրկելով նրանց ամենատարրական մշակութային, կրթական և կրոնական իրավունքներից: Այս հանգամանքներում կարևոր է, որ Հայաստանի պաշտոնյաները զգուշորեն ծանրութեթև անեն` արդյոք Թուրքիայի հարցում իրենց ընդունած որոշումներն ակամայից չե՞ն նպաստում թշնամի հարևանի քաղաքական և տնտեսական հզորացմանը: Ահա նմանատիպ որոշումների մի քանի օրինակ.
ա) Թուրքիայի հետ բանակցություններում` սահմանի բացման հարցում, Հայաստանը չպետք է ընդունի որևէ նախապայման և չպետք է համաձայներ համատեղ հայտարարությամբ ապրիլի 24-ից առաջ հանդես գալուն, ինչը բարձրացրեց Թուրքիայի հեղինակությունը և ձախողեց Միացյալ Նահանգների և այլոց կողմից Հայոց ցեղասպանության ճանաչմանը հասնելու ջանքերը:
բ) Հայաստանը չպետք է ճանաչի Թուրքիայի ներկա սահմանները և պետք է մերժի Խորհրդային Հայաստանի ստորագրած պայմանագրերը, որպեսզի ապագայում ներկայացվելիք Հայաստանի տարածքային պահանջներն անհնարին չլինեն:
գ) Հայաստանը չպետք է համաձայնի Հայոց ցեղասպանության փաստերն ուսումնասիրող համատեղ պատմական հանձնաժողով ստեղծելու Թուրքիայի պահանջին, որպեսզի խուսափի Ցեղասպանության իրողությունը կասկածի տակ դնելուց և չվնասի երրորդ երկրների կողմից այն ճանաչելու շանսերին:
դ) Հայաստանը չպետք է թույլ տա Թուրքիային` Արցախի հարցով քիթը խոթել հայ-ադրբեջանական բանակցությունների մեջ, որպեսզի չօգնի Թուրքիային է՛լ ավելի բարձրացնելու իր` Աֆղանստանում, Իրանում, Իրաքում, Լիբանանում, Պակիստանում և Սիրիայում իբր վստահելի միջնորդ լինելու կերպարը:
ե) Հայաստանի նախագահը չպետք է այցելի հոկտեմբերի 14-ին Թուրքիայում կայանալիք ֆուտբոլային հանդիպմանը, քանի դեռ թուրք առաջնորդները չեն կատարել սահմանը բացելու իրենց գրավոր համաձայնությունը:
զ) Հայ պաշտոնյաները չպետք է օգնեն հավատալու Թուրքիայի այն կեղծ պնդումներին, թե նա Հայաստանի հետ վարում է լուրջ բանակցություններ:
է) Հայաստանի ղեկավարությունը չպետք է աջակցի Եվրամիությանն անդամակցելու Թուրքիայի ջանքերին, որպեսզի չնպաստի Թուրքիայի քաղաքական և տնտեսական հզորացմանը: Իր բնակչության թվով գերազանցելով ԵՄ մյուս երկրների մեծ մասին` Թուրքիան մեծ թվով ձայների իրավունք կունենա Եվրախորհրդարանում, ինչը նրան հակահայկական բանաձևեր անցկացնելու հնարավորություն կտա:
Անցած տարվա աշնանը, երբ Թուրքիան ամեն գնով քվեներ էր փնտրում ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին միանալու համար, Հայաստանն ու աշխարհի հայերը գրեթե որևէ փորձ չարեցին խանգարելու Թուրքիային` վերջին կես դարում առաջին անգամ այդպիսի կարևորագույն աթոռ ձեռք բերել: Այժմ Թուրքիան կարող է օգտագործել այդ հեղինակավոր դիրքը` ՄԱԿ-ում Հայաստանի և Արցախի դեմ բանաձևեր ընդունելու համար:
2006 թ. Լիբանանի դեմ Իսրայելի հարձակումից հետո Հայաստանը և հայերը չխանգարեցին Թուրքիային խաղաղապահ զորքեր տրամադրելու Լիբանանում ՄԱԿ-ի ժամանակավոր զորախմբին` ՅՈՒՆԻՖԻԼ-ին (United Nations Interim Force in Lebanon): Սա Թուրքիային հնարավորություն տվեց Օսմանյան կայսրության փլուզումից հետո առաջին անգամ զորք տեղակայել արաբական այն երկրում, որտեղ բնակվում է Մերձավոր Արևելքի թվով ամենամեծ հայ համայնքը:
Վերջապես, հայերը պետք է բոյկոտեն թուրքական ապրանքները և արձակուրդը չպետք է անցկացնեն Թուրքիայում, որպեսզի չնպաստեն թշնամի պետության տնտեսական հզորացմանը: Հարկավոր է գովաբանել վարչապետ Տիգրան Սարգսյանին այն բանի համար, որ նա պաշտոնյաներին հրահանգել է իրենց արձակուրդը չանցկացնել Թուրքիայում և խրախուսում է տեղական տուրիստական ընկերություններին մրցակցային գներով զբոսաշրջային փաթեթներ պատրաստել` արձակուրդն Արցախում անցկացնելու համար:
Այսօր արդեն հսկայական անհավասարակշռություն կա Հայաստանի և Թուրքիայի քաղաքական, տնտեսական և ռազմական հզորությունների միջև: Զգուշորեն կշռադատելով իրենց յուրաքանչյուր որոշման ազդեցությունը` Հայաստանի ղեկավարները պետք է նվազեցնեն, ոչ թե մեծացնեն այդ անհավասարակշռությունը:
«Արարատ» ռազմավարագիտական կենտրոնի արտասահմանյան մամուլի տեսություն էջից

Դիտվել է՝ 1479

Մեկնաբանություններ